Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»։

«Նման հրավեր կա, եւ (Թուրքիա Պուտինի այցի) ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ թուրքական Yeni Şafak թերթը գրել էր, թե ակնկալվում է, որ Պուտինն «առաջիկա օրերին» կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի՝ բարձր մակարդակի գործարար հանդիպման հրավերով։

Միաժամանակ Պեսկովը հաստատել է, որ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա։ «Նախարարի շփումները իսկապես նախատեսված են, եւ արդյունքներից հետո նա ինքը կասի այդ մասին»,- չորեքշաբթի ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հայտարարությունը, որ Լավրովի այցը սպասվում է հունիսի 8-ին, եւ թեման լինելու է հացահատիկի մատակարարման եւ այդ նպատակով անվտանգության միջանցքի ստեղծման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։