Սաուդյան Արաբիան պատրաստ է ավելացնել նավթի արդյունահանումը՝ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում արդյունահանման էական անկման դեպքում, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունահանման անհապաղ ավելացման վերաբերյալ քննարկումներ են եղել, ինչի մասին կարող է հայտարարվել հինգշաբթի օրը ՕՊԵԿ+-ի նիստի ժամանակ։

ՕՊԵԿ+-ի մեջ են մտնում Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները եւ նրանց դաշնակիցները՝ Ռուսաստանի գլխավորությամբ:

Արտադրության աճը, որը նախատեսված է սեպտեմբերին, կտեղափոխվի հուլիս եւ օգոստոս ամիսներին, ասել է աղբյուրը։

ՕՊԵԿ-ում խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան ավելի վաղ մերժել էր նավթի արդյունահանումը մեծացնելու Վաշինգտոնի կոչերը։

Սաուդյան Արաբիան Բայդենի վարչակազմի հետ մերձեցման շրջանակներում համաձայնել է փոխել իր դիրքորոշումը եւ ավելացնել արդյունահանումը՝ նավթի գները կայունացնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ, որը վկայակոչում է բանակցություններին ծանոթ աղբյուրներին։

Երկիրը նաեւ վստահեցրել է, որ, ի վերջո, կարձագանքի արդյունահանման խթանմամբ, եթե նավթի շուկայում առաջարկի ճգնաժամ առաջանա: