Թուրքիան վեց Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է մատակարարել Նիգերին Անկարայի կողմից նոյեմբերին Նիամեի հետ կնքված զենքի մատակարարման մասին գործարքի շրջանակներում, հաղորդում է Radio France Internationale-ը:

Գործարքը զրահատեխնիկա եւ Hurkus թեթեւ հարձակողական ինքնաթիռ է ներառում։

Նիգերը դրոնները գնել է՝ Մալիի եւ Բուրկինա Ֆասոյի հետ երեք սահմանների շուրջ գործող «Իսլամական պետության» եւ «Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորումների դեմ պայքարելու իր հնարավորությունների բարելավման համար:

Նիգերը նախատեսում է նաեւ դրոնների տեղակայման համար ավիաբազա կառուցել: «Այդ դրոնները լրացնում են Նիգերի հսկողության հնարավորությունները, բայց այժմ մենք պետք է ստեղծենք ամբողջ համակարգը, որը թույլ կտա օգտագործել դրանք. օդաչուների եւ պատկերների վերլուծության գործակալների վերապատրաստում, դրոնների տենիկական սպասարկում, պահեստամասեր, մատակարարման շղթաներ եւ այլն»,- ասել է աղբյուրն անվտանգության ծառայությունում: