Եմենում հակամարտող կողմերը համաձայնել են եւս երկու ամսով երկարաձգել հրադադարը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ հայտնել, որ Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են հրադադարը երկարաձգելու ՄԱԿ-ի առաջարկին։ Որոշումն ուժի մեջ է մտնում գործող հրադադարի ավարտից հետո՝ 2022 թվականի հունիսի 2-ին, ժամը 19:00-ին»,- ասված է Գրունդբերգի կանցլերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գրունդբերգը նշել է, որ «հրադադարը երկարաձգվում է նույն պայմաններով, ինչ սկզբնական համաձայնագիրը»։
Բացի այդ, ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ասել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հրադադարի շնորհիվ զգալիորեն նվազել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, ավելացել են վառելիքի մատակարարումները Հոդեյդա նավահանգստով, իսկ Սանայի օդանավակայանից վերականգնվել են առեւտրային թռիչքները։
«Չնայած ձեռք բերված հաջողություններին, հրադադարի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր, այդ թվում՝ Թաիզ քաղաքի շրջափակման վերացումը»,- հավելել է նա։



























