Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 6-7-ին նախատեսված այցը Սերբիա «մեծ հարցականի տակ է, բայց պաշտոնական Բելգրադը դրանում որեւէ մեղք չունի»,- գրել է «Вечерње новости» սերբական թերթը։ Բանն այն է, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռի համար։ Այս տեղեկատվությունը բալկանյան երկրների կողմից պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անձամբ է զբաղվում ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցի լոգիստիկայով, ասել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։ «Իրավիճակը Սերգեյ Լավրովի այցի հետ կապված խիստ բարդ է։ Անհավանական է, որ իրավիճակը Եվրոպայում եւ աշխարհում այժմ այնպիսին է, որ մի երկրի նախագահը պետք է զբաղվի այնպիսի բաներով, ինչպիսին մեկ այլ երկրի արտաքին գործերի նախարարի այցի լոգիստիկան է, ինչից էլ կախված է այն, թե արդյոք նա կգա, թե ոչ»,- ասել է Սերբիայի կառավարության ղեկավարը TV Pink-ի եթերում։

Ինչպես նշել է «Вечерње новости»-ն, «նոր իրավիճակի հետ կապված»՝ Ալեքսանդր Վուչիչը հունիսի 6-ին, ժամը 10.00-ին, Նախագահի տանը կհանդիպի Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի հետ։

Հունիսի 3-ին ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ Լավրովը Սերբիա կայցելի՝ բանակցելու Ալեքսանդր Վուչիչի հետ։ Նրա խոսքով՝ քննարկման թեմա պետք է դառնային միջազգային հրատապ խնդիրները։ Հունիսի 2-ին Վուչիչն ասել էր, որ «իրավիճակը Լավրովի այցի շուրջ բարդանում է բոլոր իմաստներով»։ Նա նշել է, որ առայժմ պատրաստ չէ մանրամասների մասին խոսել, բայց հարցն այն է, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հասնելու Սերբիա, գրել է «Коммерсантъ»-ը։