Մախաչկալայի եւ Բաքվի միջեւ չվերթները չեղարկվել են Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Դաղստանի օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Մախաչկալա-Բաքու չվերթները չեղարկվել են Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ: Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները հետ են կանչել այս երթուղիով թռիչքներ իրականացնելու համար Utair ընկերությանը տրված թույլտվությունը»,- հայտնել են օդանավակայանում:
Մախաչկալայից Բաքու չվերթները պետք է իրականացվեին հունիսի 3-ից՝ օդային հաղորդակցության վերականգնումից հետո։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի մեկնարկից հետո Բերմուդյան կղզիները կասեցրեցին Բերմուդյան կոդերով ռուսական փոխադրողների թռիչքային պիտանիության վկայականները։ Utair-ն իր բոլոր 50 ինքնաթիռները տեղափոխեց ռուսական ռեգիստր:





























