Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ձեւավորած ժամանակավոր կառավարությունում մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը երկուշաբթի հայտարարել է, որ մարդու իրավունքների թեման քաղաքական նպատակներ իրականացնելու համար է բարձրացվում։

«Աշխարհը մարդու իրավունքների հարցերը իր որոշ քաղաքական նպատակների համար է բարձրացնում: Դուք տեսնում եք, որ անցյալ տարվա համեմատ պահպանվում են յուրաքանչյուր մարդու իրավունքները, եւ մեր դատարանները փորձում են լուծել խնդիրները»,- ասել է Մուջահիդը, որի խոսքերն է մեջբերում աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ «Նրանք բարձրացնում են մարդու իրավունքների ոտնահարման հարցը, սակայն ապացույցներ չունեն»,- հավելել է նա։

Միեւնույն ժամանակ, թալիբների ներկայացուցիչը տարածաշրջանի եւ աշխարհի երկրներին կոչ է արել պաշտոնական երկխոսություն սկսել «Աֆղանստանի իսլամական էմիրության» հետ (պետության անվանումը, որն օգտագործում են թալիբները) եւ համագործակցել երկրի նոր կառավարության հետ՝ խնդիրների վերաբերյալ առանց ապացույցների մտահոգություններ հայտնելու փոխարեն։