Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մերձեցումը՝ կապված երկկողմ շփումների սկզբի մասին որոշման, երկու երկրների ներկայացուցիչների նշանակման եւ թռիչքների վերսկսման հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի հարցով զեկույցում, որն այսօր ընդունվել է Եվրախորհրդարանի կողմից։
Նշվում է, որ Եվրախորհրդարանն այդ փորձը բավական «դրական իրադարձություն» է համարում, որը դրական կազդի տարածաշրջանի բարգավաճման ու անվտանգության վրա։
Եվրախորհրդարանը կողմերին կոչ է անում ջանքեր գործադրել՝ հարաբերությունները լիարժեք վերականգնելու համար, իսկ ԵՄ-ին կոչ է անում ակտիվ աջակցել այդ գործընթացին։
Բացի այդ, Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ուղի հարթել թուրք եւ հայ ժողովրդների միջեւ հաշտեցման համար, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության մասին վեճի կարգավորումը, եւ լիովին պահպանել հայկական եւ այլ մշակութային ժառանգության պաշտպանության հարցով ստանձնած իր պարտավորությունները։
Եվրախորհրդարանը հույս է հայտնել, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը։ Եվրախորհրդարանը վերստին կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։



























