Այսօր` օգոստոսի 10-ին կայացել  Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հերթական հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ:

Հարությունյանը ներկայացրել է ինտերնետում զետեղված տեսահոլովակի դեռ հունիսի 30-ին արված համալիր փորձաքննության արդյունքները: Հոլովակում համազգեստով տղամարդ է, ով Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում կրակում է:

Փորձաքննության նպատակն էր պարզել, թե ինչ եւ որ տրամաչափի զենքից է կատարվում կրակոցը: Փորձագետների եզրակացության համաձայն, նմանություններ կան «ԱԿՍՈՒ» ինքնաձիգով ոչ մարտական փամփուշտներով կրակելու հետ: Նմանության հիման վրա ենթադրվել է, որ տեսահոլովակում պատկերված անձը կրակել է դատարկ փամփուշտներով: Այդուհանդերձ, տեսագրության որակը թույլ չի տալիս միանշանակ ենթադրություններ անել:

Քննչական խմբի ղեկավարը հաղորդել է, որ հարցաքննվել են 200 նոր վկաներ, կրկնակի հարցաքննվում են զանգվածային անկարգությունների կանխման միջոցառումներին մասնակցած ոստիկանները: Պատասխանելով լրագրողների հարցերին` Հարությունյանը նշել է, որ հարցաքննվել են բարձրաստիճան ոստիկաններ, այդ թվում փոխոստիկանապետեր:

Խոսելով բանակի մասնակցության մասին, Հարությունյանն ընդգծել է, որ իրենց ձեռքի տակ եղած նյութերի համաձայն բանակը ներգրավվել է միայն արտակարգ դրություն մտցնելուց հետո:

Նշենք, որ 2008-ին նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ էր կազմակերպում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանական ուժերը բռնությամբ ցրեցին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, իսկ նույն օրը երեկոյան հրազեն կիրառեցին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով սպանվեց 10 մարդ: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: