Քաղաքացիական հասարակության սեկտորի ճնշող մեծամասնությունը, որը իբրև թե Հայաստանում մարդու իրավունքներով էր զբաղվում, իբրև թե շահագրգիռ էր մեր պետականության հզորացմամբ, հետագայում համոզվեցինք, որ պարզապես վարձկաններ էին, որովհետև հետագայում նրանք լռեցին բնապահպանական խնդիրների, մշակութային վանդալիզմի և մարդու իրավունքների տարատեսակ խախտումների դեպքում, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր և վաղը թեմայով» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2018–ին Կառավարության կառուցվածքային փոփոխություններով Կրթության և Մշակույթի նախարարությունները միացվեցին իրար։ Դրանով փաստացի չէր կարևորվում մշակույթի դերը պետականության կառուցման, ամրացման, հայ մարդու ձևավորման գործում։ «Հետո մենք հասկացանք, որ մշակույթը առհասարակ լուսանցքված է ․․․ Այն մշակութային քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, բացարձակապես չի ծառայում մեր ինքնության հարստացմանը, ձևավորմանը, ազգային պետականության կերտմանը»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանում կա արժանապատիվ մտավորական տեսակը, որը հակառակ ռեպրեսիվ գործիքներին, գիտակցում է, որ իր երկրի ազգային օրակարգը ձևավորվում է այս հրապարակում։ «Կա մեկ ազգային օրակարգ՝ հայ պետականության լինելիությունը, և այդ օրակարգի հասցեն, դրա ձևավորումը, ճակատագիրը վճռվում է այստեղ՝ այս հրապարակում»,– ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2018-ին այս իշխանությունները կատաղի պայքար սկսեցին բուհերի դեմ՝ հայտարարելով, թե ապաքաղաքականացնում են դրանք։ «Նայեք Հայաստանի բոլոր պետական բուհերը, թե ովքեր են դրանց կառավարման խորհրդի անդամները»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլորի կառավարման խորհուրդներում պետական պաշտոնյաներ կան։ «Սա՞ է բուհերը ապաքաղաքականացնելու ձեր խոստումը»,– հարցադրում արեց պատգամավորը՝ հիշելով, թե ինչ հետապնդումների էր ենթարկվում ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Լիլիթ Գալստյանը նաև հակադարձեց իշխանության պնդումներին, թե այս «Դիմադրություն» շարժման պայքարի նպատակը իշխանության գալն է։ «Ոչ, դուք սխալվում եք։ Մեր պայքարը վաղվա Հայաստանի համար է, և այդ Հայաստանը պետք է լինի ուժեղ, անվտանգ։ Այդ Հայաստանում զոռբայությունը տեղ չունի, ներազգային թշնամանքը տեղ չունի, մտավորականը գնահատված պիտի լինի, երիտասարդը ոստիկանական բռնաճնշումների չպիտի ենթարկվի, արտգործնախարարը չի գնալու դռնեդուռ և ծուռ վզով բանակցային սեղանին չիմանա ինչ ասի։ Այդ Հայաստանի վարչապետը պիտի լինի ազգային արժեքների կրողը»,–ասաց նա։











