Anonymous-ի հաքերները պաշտոնապես հերքել են լուրերը, թե մտադիր են ոչնչացնել աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցը` Facebook-ը: Այս հայտարարությունը հրապարակվել է հաքերների խմբի Twitter-բլոգում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխարհի ամենահայտնի Anonymous խմբի հաքերները խոստացել են վերացնել Facebook-ը: YouTube-ում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ հաքերային խմբի ակտիվիստները կոչ են անում աշխարհի բոլոր հաքերներին միանալ ատելի սոցիալական ցանցի դեմ պայքարին, գրում է Infox.ru-ն:

Միջազգային հաքերների հայտարարությամբ, «Facebook» օպերացիան, որը կվերացնի սոցիալական ցանցը, տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Anonymous-ի` Facebook-ին ատելու պատճառը սոցիալական ցանցի վարչակազմի կողմից օգտվողների անձնական տվյալների փոխանցումն է հատուկ ծառայություններին:

Հաքերները նշում են, որ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը ամրագրում է օգտվողներից ստացվող բոլոր տվյալները եւ դրանք ներկայացնում ԱՄՆ կառավարությանը: Էջը կամ տվյալները վերացնել հնարավոր չէ, իսկ մասնավոր կարգավորումները խաբեություն են: