Հայաստանի գործող իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությունը ուղղված է Հարավային Կովկասում Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի արագ սպասարկմանը, այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ փաստերով կարող է ապացուցել, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ ղեկավարների, ինչպես են այս իշխանությունները ի վնաս Հայաստանի շահերի սպասարկում Արևմուտքի շահերը։ Նրա խոսքով՝ նախորդ նախագահների օրոք Հայաստանը եղել է Ռուասաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցը, բայց Արևմուտքի հետ զարգացվել են շատ բնականոն, նորմալ հարաբերություններ։
«1994-ին Հայաստանը ստորագրել է ՆԱՏՕ–ի գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, 1996-ին ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանը դարձել է ՆԱՏՕ–ի անհատական գործակցության անդամ, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը գնացել է ԵՄ–ի հետ Խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ճանապարհով։ Այսինքն՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով հանդերձ՝ Արևմուտքի հետ զարգացել են բնականոն հարաբերություններ, և այս տարածաշրջանում նրանց շահերի խաչաձևումը Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ համակշռվել է որոշակիորեն»,– ասաց նա։
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ այն, որ այս իշխանությունները ջանում են շատ արագ ու փաթեթային «կարգավորում» տալ հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններին, որի գինը Արցախի կորուստն է, դա ինքնաբերաբար բերում է այս տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը։ Նրա խոսքով՝ եթե ընդունում ենք, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը և Արևմուտքը աշխարհաքաղաքական մրցակցության մեջ են, ապա երբ չի լինում Արցախ, չի լինում նաև ռուսական ռազմական կոնտինգենտ Հարավային Կովկասում (Վրաստանում և Ադրբեջանում նույնպես չկա):
«Այս դեպքում Ռուսաստանը այս տարածաշրջանից դուրս է մղվում։ Հիմա ես չեմ խոսում Ռուսաստանի շահի համար, ես խոսում եմ Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության մասին։ Երբ չի լինում նրան բալանսավորելու աշխարհաքաղաքական մեխանիզմը, այստեղ արդեն շահն էլ է զոհաբերվում։ Ասածս ոչ թե ռուսաֆիլություն կամ հակաարևմտականություն է, այլ այն է, որ շատ արագ սպասարկելով Արևմուտքի շահը մեր տարածաշրջանում, Նիկոլ Փաշինյանը զոհասեղանին է դնում հայոց ազգային, պետական շահը»,– ասաց նա։











