Կոտայքի մարզում ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան կկառուցվի:
Կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 11-ի իր նիստում որոշել է «Հով-Խաչ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2014 թ. սեպտեմբերի 1-ը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը կառուցել եւ 2010 թ. շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու եւ ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր եւ Ողջաբերդ գյուղերին։ Այժմ ՍՊԸ-ն նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան` տուրբին-գեներատորների ներմուծման ժամանակ ստանալով ԱԱՀ գումարի մինչեւ 3 տարով հետաձգելու արտոնություն։ ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012 թ. 3-րդ եռամսյակում։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ծրագրով արդեն բավական լուրջ եւ արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։ Ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել եւ գնահատելին հատկապես այն է, որ շարունակական բնույթ է կրելու։
Բացի այդ, փոփոխելով եւ լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը, կառավարությունը 19 մլ 700 հազար դրամ է հատկացրել «Էրեբունի» անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման, ցանկապատման եւ 20 հա անտառապատման աշխատանք կատարելու համար։
Գործադիրը հավանություն է տվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ եւ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները, ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը,
ՀՀ պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձեւը, որի նպատակն է ստանդարտացնել այն, առավելագույնս պաշտպանել բենեֆիցիարի շահերը,
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի իրականացման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011 թ. նախահաշիվը։




























