Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության հետաքննությունը շարունակվում է: Այդ մասին հերթական անգամ հայտնել է Ոստիկանության պետ  Ալիկ Սարգսյանը այսօր` օգոստոսի 11-ին կայացած ասուլիսում:

Ոստիկանության ղեկավարը նշել է, որ ստեղծվել է հատուկ օպերատիվ-քննչական խումբ առանձին փորձառու քննիչների գլխավորությամբ: «Յուրաքանչյուր ուրբաթ ինձ զեկուցում են հետաքննության ընթացքի մասին»,-նշել է Ալիկ Սարգսյանը:

Նա նաեւ հայտնել է, որ այս պահին նոր վարկածներ չկան, տարվում է հին վարկածների կրկնակի ուսումնասիրություն, քանի որ, Սարգսյանի կարծիքով, հետաքննությունը ճիշտ ուղու վրա է: Ոստիկանության ղեկավարի խոսքով, որոշակի հաջողություններ կան, բայց թե կոնկրետ ինչպիսիք են դրանք, Սարգսյանը չի հայտնել:

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը սպանվել էր 2009 թ. փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ սպանության եւ անօրինաբար զենքի ու զինամթերքի պահելու հոդվածներով: