ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հունիսի 17–ին, հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ը պաշտոնական էջից, Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։
Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը։
Նախարար Միրզոյանը կարեւորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, եւ հույս հայտնել, որ կողմերի միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։ Վոբկե Հոկստրան իր հերթին բարձր է գնահատել
ժողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը:
Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարեւորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մի շարք հարցերի։
Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձեւերի ընդունումը:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակությային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:




























