Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց անխուսափելի են բիզնեսի, հասարակական կյանքի վարման փոփոխությունները։ Ընկերությունները կիրառում են թվային տրանսֆորմացիայի ռազմավարությունը՝ տեխնոլոգիաների կիրառմամբ «ավանդական» բիզնես մարտահրավերները կանխարգելելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար։ SiliconMountains 2022 միջազգային գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Թվային փոխակերպում» պանելային քննարկման ընթացքում բանախոսները փորձեցին բացահայտել Հայաստանում այս գործընթացի առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները

Պետության «մեսիջը» մասնավորին

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը կարևորեց պետության «մեսիջը» մասնավորին․«Պետությունը պետք է խաղի կանոններ սահմանի, քանի որ բոլորիս տվյալները պահպանվում են այդ ենթակառուցվածնքներում, այդտեղ մեկ վայրկյան նույնիսկ կանգնելը մեծ նշանակություն է ունենալու։ Հենց պետության դերն է մասնավորի հետ համատեղ ստեղծել ազգային և հուսալի ենթակառուցվածքներ, որի մեջ մենք համոզված լինենք, և կիբերանվտանգությունը դրված լինի այդ ամենի հիմքում»։

Տվյալների կենտրոնացումը

«Թվային տրանսֆորմացիան ավելի խոսում է թվային ինտեգրացիայի մասին։ Վերջին տարիներին էլեկտրոնային կառավարման տարբեր գործառույթները հիմնականում եղել են մասնատված․ ստեղծվել են շատ լավ ծրագրեր, բայց դրանք աշխատել են մեկ ուղղության վրա՝ փակելով կառավարության գործունեության ինչ-որ մասը, հիմնական ծանրաբեռնվածությունը թողնելով քաղաքացու վրա՝ լավացրել են պետական մարմինների գործունեությունը, քաղաքացին է ստիպված միացնել երկու պետական մարմիններ, որոնք կարող են իրար հետ անմիջական տվյալների հարցում կատարել։ Բացի այդ, ծրագրերի մեծ քանակի պատճառով ավելի շատ են կիբերանվտանգային խնդիրներ առաջանում»,- նշեց Սիներջի ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովանեսյանը։ «Մենք շատ երկրներում հաջողել ենք ստեղծել ինտեգրվածիրավական համակարգեր, որ մարդու տվյալները կենտրոնանան մեկ վայրում, և եթե դրանք ներմուծվում են ոստիկանության կողմից, մյուսների կողմից նորը ստեղծելու կարիք չլինի, բոլորը կարողանան օգտվել այնքանով, որքանով համակարգը թույլ է տալիս՝ ելնելով նրանց կոմպետենցիայից։ Այսպիսով, ավելի հեշտ են լուծվում նաև անվտանգային խնդիրները»։

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը առաջարկեց այս հարցին նայել այլ տեսանկյունից․ «Օրենսդրությամբ հստակ պետք է սահմանվի՝ ով է որ տվյալի ստեղծողը և պատասխանատուն։ Կիբերանվտանգային խնդիրների կեսից ավելին լուծում է անվտանգ նույնականացման համակարգը, որում անձի վերաբերյալ տվյալների վերահսկողությունը անձը ինքն է անում՝ թույլ տալով օգտագործել դրանք։ Կարծում ենք, որ ֆինանսական ոլորտում պետք է անցնենք բաց բանկային ծառայությունների մատուցմանը, իսկ եթե ֆինանսական համակարգը միացավ, փորձը ցույց է տալիս, որ մասնավոր հատվածը հետևում է դրան»։

Կիբերանվտանգություն

Արմեն Բալդրյանը նշեց, որ ՏՀՏ աշխատակիցները Պոլիտեխնիկական համալսարանում կիբեր-անվտանգության ուղղությամբ մասնագետների դասավանդում և վերապատրաստում են իրականացնում․ «Արդեն մոտ 200 անձ անցել է այդ վերապատրաստումը։ Իմ կարծիքով միակ տարբերակը սրանում է, որ մասնավոր հատվածը հստակ պետք է վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը»։

Ներսես Երիցյանը կարևորեցկիբեր-անվտանգության մասնագետի պաշտպանվածությունը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս․ «նրանք քաղաքացիների հետ շփման ընթացքում կարող են առնչվել տեղեկատվության հետ, որոնցից խուսափեն, քանի որ դրանք ռիսկեր են առաջացնում, որ հետագայում նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ կիրականացվեն»։

Կիրառելիություն

ԷԿԷՆԳ-ի տնօրեն Լեոնիդ Ավետիսյանի կարծիքով պետության կողմից թվային ծառայությունների ներդրումն ու տարածումը ավելի բարդ է, այդ պատճառով մասնավորի օգնության կարիք է առաջանում։ «Պետության դեպքում հանրային ծառայությունները որպես կանոն պետք են պետությանը։ Քաղաքացին չի ուզում ստանալ լիցենզիա, պետությունն է ուզում, որ քաղաքացին այդ լիցենզիան ունենա ու միշտ լինելու է այդ դիմադրությունը քաղաքացու կողմից։ Այս պայմաններում պետական ծառայությունների տարածումը ավելի է բարդանում, այս պատճառով ավելի է կարևորվում մասնավորի կողմից այս ամենի զարգացումը»։ Բացի այդ, ըստ բանախոսի, առցանց ծառայությունները պետք է կառուցված լինեն այնպես, որ օգտատերերի համար դրանց կիրառումը հնարավորինս հեշտ լինի․ «Միայն վեբ-կայք ունենալը թվային փոխակերպում չէ, պետք է անցնել ինքնաշխատ, ինքնուրույն մատուցվող ծառայությունների»։

ԿԲ փոխնախագահի կարծիքով թվային տեխնոլոգիաները Հայաստանում պակաս կիրառելի են, քանի որ մենք չունենք օնլայն ծառայությունների կրիտիկական զանգված․ «Բացի այդ, հեռու բնակավայրերում ապրող քաղաքացին պետք է հասանելիություն ունենա օնլայն ծառայություններին։ Երկրները աղքատ են ոչ թե այն պատճառով, որ ռեսուրսներ չունեն, այլ քանի որ չունեն հասանելիություն կրթությանը, ֆինանսներին և այլն։ Բոլորը գյուղերում օգտվում են սմարթֆոններից, չի կարող թվային ծառայություններից օգտվելն ավելի բարդ լինել, քան սմարթֆոնի կիրառումը»։

Այսպիսով, թվային փոխակերպումը ենթադրում է բիզնեսի՝ հաճախորդակենտրոն և թվային տեխնոլոգիաների վրա հիմնված փոխակերպում: Հայաստանում առկա թվային ծառայությունների մատուցման որոշակի պրակտիկա, բայց այն մեծ փոփոխությունների և զարգացման կարիք ունի։