Որոշ բուժհաստատությունների ղեկավարներ հստակ պատկերացում չունեն զարգացման ուղիների վերաբերյալ եւ չի բացառվում, որ նրանք առաջիկայում իրենց տեղը զիջեն ավելի հմուտ կառավարիչների: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների  ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս տարեսկզբին քաղաքապետը առողջապահական ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր ծրագրային առաջարկություններ ներկայացնել՝  ներառելով ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ կանխատեսումների հաշվարկները, ինչպես նաեւ մասնավոր ներդրողների հետ համագործակցության հնարավոր տարբերակները: 

Կառավարման  նոր մեխանիզների ներդրումը նպատակ ունի բարելավել  բուժսպասարկման ոլորտի  երթակառուցվածքները, նորագույն բուժսարքավորումների  վերազինում ապահովել  եւ էականորեն բարձրացնել  բնակչության բուժսպասարկման որակը:

Ծանոթանալով անցած ամիսներին կատարված աշխատանքներին  եւ  ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ քաղաքապետը նշել է, որ ներկայացված ծրագրային պատկերացումները դեռեւս հեռու  են զարգացման արդյունքներ ակնկալելուց: Քաղաքապետի խոսքով,  ծրագրերը պետք է ունենան իրական տեսլական,  գործողությունների հստակ ժամանակացույց եւ ճկուն մեխանիզմներ՝ բուժծառայությունների ժամանակակից պահանջները բավարարելու համար:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ փոխշահավետ ծրագրերի միջոցով հնարավոր է լուրջ ներդրումներ ներգրավել առողջապահության ոլորտի զարգացման գործում.  «Բժշկությունն ամբողջ աշխարհում բիզնես բաղադրիչ ունի, դուք բացի այդ բաղադրիչից ունեք պետական ծառայություն կատարելու պարտավորություններ: Սպասենք, թե երբ է բյուջեն հարստանալու, որ մեր պատակերացումները բավարարվի՞, անհեռանկարային ճանապարհ է», - նշել է Կարեն Կարապետյանը:

Նա առաջարկել է համաբուժարանների եւ մյուս բուժհաստատությունների աշխատանքի վարկանշային սանդղակ կազմել եւ համապատասխանաբար գնահատական  տալ կատարված  աշխատանքին: