Բացի մարտի դաշտում արդեն փորձարկված զինատեսակներից, ռուսական զորքերը սկսել են ստանալ Ս-500 հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք նմանը չունեն աշխարհում։ Գերազանց արդյունքներ են ստացվել «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ։
Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է ռուսական բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին, փոխանցում է MK-ն։
ՌԴ նախագահն ասել է, որ առաջին «Սարմատ» համալիրը պետք է մարտական հերթապահության գնա 2022 թվականի վերջին։
«Մենք կշարունակենք այսուհետ եւս զարգացնել եւ հզորացնել մեր զինված ուժերը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռազմական սպառնալիքներն ու ռիսկերը՝ հիմնվելով ժամանակակից զինված հակամարտությունների դասերի վրա, եւ բարելավել մարտական կազմը»,- ասել է Պուտինը։ Առաջնահերթ ուղղություններից է զորքերի զինումը սպառազինության նոր համակարգերով, որոնք կորոշեն ռուսական նավատորմի եւ բանակի մարտունակությունը տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ:
«Մենք պետք է ավելի լայն, շատ ավելի լայն կիրառենք ռոբոտաշինությունը, հետախուզական կառավարման նորագույն գործիքները, անօդաչու թռչող սարքերը»,- ասել է ՌԴ նախագահը` հավելելով, որ Ռուսաստանը նախատեսում է ակտիվորեն զարգացնել սպառազինության համակարգեր՝ հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների, այդ թվում՝ էլեկտրամագնիսական եւ լազերային զենքերի վրա:





























