Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված ակտիվիստներից երեքին ազատ են արձակելու ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանից որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հովիկ Արսենյանը: Նա նշեց, որ մեկուսարանից ազատ են արձակվելու Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Արեգ Գեւորգյանը:
Իսկ մյուս 4 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Վահագն Գեւորգյանի նկատմամբ նախաքննական մարմինը կալանքի միջնորդությամբ դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ այս պահին նրանք գտնվում են դատարանի շենքում, որտեղ լսվում է միջնորդությունը: Նշենք, որ Վահագն Գեւորգյանը «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդին է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:
Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:
Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել: Երիտասարդների վրա բռնության հետքերի տեսագրությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ.
Ավելի ուշ ակտիվիստներին ձերբակալել եւ տեղափոխել էին մեկուսարան:



























