News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների դեմ, որոնց երեկ` օգոստոսի 9-ին բերման էին ենթարկել Կենտրոնի բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն) հատկանիշներով եւ 316 հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը NEWS.am-ին հայտնեց, որ երիտասարդներին ապօրինաբար են ձերբակալել եւ տեղափոխել Ձերբակալվածների պահման վայր, իսկ փաստաբաններին անգամ ձերբակալման արձանագրություն չեն ներկայացրել: Ավելին, ըստ փաստաբանի, երբ ՀԱԿ ակտիվիստները հրաժարվել են ցուցմունք տալուց, նրանց եւ փաստաբանների նկատմամբ բռնություն են կիրառել, իրեն եւ փաստաբան Վահե Հովսեփյանին արգելել են հանդիպել երիտասարդների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ տասնյակ մարդիկ էին հավաքվել, ովքեր լուրերի էին սպասում բաժնում գտնվող ակտիվիստների մասին: Ի դեպ, երբ հայտնի է դարձել, որ ՀԱԿ ակտիվիստներին ձերբակալելու են, կտրուկ վատացել է  Դավիթ Քիրամիջյանի մոր ինքնազգացողությունը եւ շտապօգնություն են կանչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ