Մանվել Հազրոյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը կբողոքարկի իր պաշտպանյալի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Էդմոն Մարուքյանը, դատարանի որոշումն արդեն ստացվել է, եւ հիմա ինքը նախապատրաստում է բողոքարկումը: «Ինչպես ծնողները, այնպես էլ Մանվել Հազրոյանը համաձայն չեն դատավճռի հետ»,-ասել է փաստաբանը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, անցած տարի նոյեմբերի 19 -ին ԼՂՀ բանակի շարքային Մանվել Հազրոյանը կենցաղային հողի վրա ծագած միջադեպի արդյունքում կրակել էր իր ծառայակիցների վրա. Լեւոն Եսայանը (1991թ. ծ.), Ներսես Գալոյանը (1990 թ.ծ.), Նարեկ Սահակյանը (1990 թ. ծ.) եւ Նվեր Սարգսյանը (1991 թ.ծ.) զոհվել էին: Սարգիս Մելքումյանը (1991 թ. ծ), Խաչիկ Ալեքսանյանը (1992 թ.ծ.), Մասիս Գրիգորյանը (1991թ.ծ.) եւ ինքը` Մանվել Հազրոյանը (1991 թ.ծ.) տարբեր աստիճանի հրազենային վնասվածք էին ստացել:
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 3-ին, դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, Հազրոյանին ցմահ ազատազրկման էր դատապարտել: Դատավճռի հրապարակումից հետո Հազրոյանը սեղանից վերցրել էր հանքային ջրով շիշն ու նետել դատավորի վրա: Դա առիթ էր դարձել նրա նկատմամբ երկրորդ քրեական գործը հարուցելու համար:




























