Իրանի Արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ժխտել է տեղեկությունն այն մասին, որ իրանական բանակի Գերագույն շտաբի պետ, գեներալ Հասան Ֆուրիզաբադը հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով:

Իրանի արտգործ նախարարը հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով IRNA գործակալությանը:

«Լրատվամիջոցների վերջին հրապարակումները անհիմն են, իսկ ովքեր նման պնդումներ են առաջ քաշում, կարող են բոլորովին այլ նպատակներ հետապնդել»,-ասել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:

Ֆիրուզաբադին մասնավորապես նշել  է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:

Դրան հաջորդել էր Բաքվի պաշտոնական արձագանքը: «Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարություններով»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլո-քարտուղար  Էլհան Պոլիխուվը: