Մասնագետների գնահատմամբ, Գյումրիի անշարժ գույքի շուկան լճացած է: Փակվել են անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող որոշ գործակալություններ: Շուկայում կա առաջարկ, բայց գրեթե բացակայում է պահանջարկը: Ըստ մասնագետների`  բնակարանների գինը շարունակում է նվազել: Միջին հաշվով 20 վաճառվող բնակարանին մեկ գնորդ է բաժին ընկնում: Գյումրիում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տարբեր բովանդակությամբ հայտարարությունների:

Շատ գյումրեցիներ վաճառում են իրենց բնակարանները եւ հեռանում քաղաքից: Ըստ վիճակագրության` մեկնողների զգալի մասը քաղաք վերադառնալու ցանկություն չունի: Թեեւ ուսումնասիրություններ  անշարժ գույքի կադաստրի Գյումրու տարածքային բաժինը չի կատարել, սակայն տնօրեն Արա Առաքելյանի փոխանցմամբ. վիճակը անկայուն է, բնակարան գնել քչերն են ցանկություն հայտնում: Վերջին տարիներին ավելացել է նաեւ գյուղական համայնքներում վաճառվող բնակարանների թիվը:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16 հազար 643 գործարք, ինչը 2 տոկոսով պակաս է նախորդ տարվա  մայիսի ցուցանիշից: Օտարման գործարքների թիվը եւս զգալիորեն նվազել է: Պատճառն. ըստ անշարժ գույքի գործակալության մասնագետ Արա Պապոյանի. ոլորտում առկա անկայունությունն է: Հատկանշական է, որ Հայաստանի տարբեր մարզերում բնակարանի գների նվազման միտում կա, սակայն ըստ վերլուծությունների, Գյումրիում անշարժ գույքի շուկայում տիրող բարձր գնային միջավայրը շարունակում է գերիշխող մնալ:

«2008-2009  թվականներին բազմասենյականոցներ գնում էին նաեվ գյուղերի բնակիչները,հատկապես մարզի հեռավոր  գյուղերից էին գալիս Գյումրի, սակայն հիմա այդպես չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է Արա Պապոյանը: Ոլորտում գոյատեւելու համար, մասնագետի գնահատմամբ, հարկավոր է խաղալ բիզնեսի չգրված օրենքներով: Տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունն է թողել նաեւ այստեղ, իսկ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները:

Հավելենք, որ 2011 թվականի առաջին կիսամյակում  Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 462 գործարք, որից 125-ը  Երեւանում: Մասնագետների վերլուծությունների համաձայն` առք ու վաճառքի գործարքների ցուցանիշով առաջատարը մայրաքաղաքն է: