Չինաստանում ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել ծագումով չինացի դիվանագետը, հաղորդում է Washington Post-ը: Իր նախկին` ԱՄՆ առեւտրային քարտուղարի (էկոնոմիկայի նախարար) պաշտոնում Հարի Ֆայ Լոկը համակարգել է նաեւ Չինաստանի հետ կապերը:
Լոկի խոսքով` իր համար մեծ պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները իր նախնիների երկրում: «Եթե մեր գործարարները, գիտնականներն ու ուսանողները կարողանան իսկապես միավորվել, մենք ի զորու կլինենք լուծել ոչ միայն մեր երկրների միջեւ եղած, այլեւ այսօր ողջ աշխարհի առջեւ ծառացած խնդիրները»,-հայտարարել է նա:
Հարի Լոկը երրորդ սերնդի ամերիկացի է համարվում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու տարի առաջ նրան առեւտրային քարտուղարի պաշտոնում ներկայացնելիս նշել էր, որ «մինչեւ հինգ տարեկանը Հարին անգլերեն չէր խոսում, սակայն կարողացավ ավարտել Եյլի համալսարանն ու դառնալ նահանգապետ: Ուստի Հարին գիտի, ինչ է ամերիկյան երազանքը: Նա այն իրականացրել է»: 1997 – 2005թթ. Լոկը եղել է ասիական ծագումով ԱՄՆ առաջին նահանգապետը` ղեկավարելով իր հայրենի Վաշինգտոնի նահանգը:




























