Ադրբեջանի Աստարայի շրջանի Մաքսային վարչությունում անցկացված ստուգման ժամանակ Ադրբեջանի Սալյան քաղաքի բնակիչ Ռուֆեթ Սալահովի մոտ հայտնաբերվել է 24.4 գրամ հերոին, հաղորդում է «Ազադլըգը»` նշելով նաեւ, որ Իրանից Ադրբեջան տեղափոխված Իրանի քաղաքացի Ֆերիդ Ռեսուլին պատկանող «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոբուսում անցկացված ստուգումների ժամանակ ավտոբուսի բեռնախցիկում, երեք զույգ կոշիկների մեջ պահված ընդհանուր զանգվածով 295.88 գրամ հերոին է հայտնաբերվել:

Այլ ստուգումների ժամանակ Իրանից Ադրբեջան տեղափոխվող Լերիկ քաղաքի բնակչի մոտ հայտնաբերվել է 70 գրամ հաշիշ, իսկ Լենքորանի բնակիչ Էմին Ահմեդովի մոտ` 5.938 գրամ հերոին:

«Ազադլըգը» հավելում է, որ վերջին շրջանում Պետական Մաքսային կոմիտեի եւ Սահմանային ծառայության համատեղ գործողությունների արդյունքում իրանա-ադրբեջանական սահմանային անցակետում հայտնաբերվել են Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիների կողմից դեպի Ադրբեջան տարբեր քանակի թմրանյութերի տեղափոխման բազմաթիվ դեպքեր: