Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հոդված է գրել The Washington Post-ի համար, որում, մասնավորապես, կիսվել է իր մտքերով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ձեռքբերումների ու ծրագրերի մասին։
«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մերձավոր Արեւելք՝ այնտեղ ամերիկյան ներգրավվածության նոր եւ ավելի խոստումնալից փուլ սկսելու նպատակով: Այս ուղեւորությունը տեղի կունենա տարածաշրջանի համար կենսական ժամանակաշրջանում, եւ այն առաջ կբերի ամերիկյան կարեւոր շահերը»,- գրել է իր հոդվածում նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Բայդենը նշել է, որ ավելի ապահով եւ ինտեգրված Մերձավոր Արեւելքը շատ առումներով օգուտ է բերում ամերիկացիներին:
«Դրա ջրային ուղիները կարեւոր են համաշխարհային առեւտրի եւ մատակարարման շղթաների համար, որոնց մենք ապավինում ենք: Նրա էներգետիկ ռեսուրսները կենսական նշանակություն ունեն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ազդեցությունը համաշխարհային մատակարարումների վրա մեղմելու համար: Եվ տարածաշրջանը, որը միավորվում է դիվանագիտության եւ համագործակցության միջոցով, այլ ոչ թե քանդվում հակամարտությունների պատճառով, ավելի քիչ հավանական է, որ ծնի բռնի ծայրահեղականություն, որը սպառնում է մեր հայրենիքին կամ նոր պատերազմներ, որոնք կարող են նոր բեռ դնել ԱՄՆ-ի բանակի եւ ծառայողների ընտանիքների վրա», - գրել է Բայդենը՝ նշելով նման սցենարից խուսափելու անհրաժեշտության մասին:
ԱՄՆ նախագահը շարունակել է նկարագրել իր երդմնակալությունից առաջ Մերձավոր Արեւելքում առկա բարդ իրավիճակը։
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը հրաժարվել է միջուկային գործարքից, Իրանը ընդունել է օրենք, որը պարտավորեցնում էր արագացնել իր միջուկային ծրագիրը:
«Այնուհետեւ, երբ ԱՄՆ վարչակազմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փորձեց դատապարտել Իրանին այս գործողությունների համար, Միացյալ Նահանգները հայտնվեց մեկուսացված իրավիճակում եւ միայնակ մնաց», - գրել է նա:
Ջո Բայդենը նշել է, որ իր նախագահության առաջին շաբաթներին ԱՄՆ-ի հետախուզական եւ ռազմական փորձագետները զգուշացրել են, որ տարածաշրջանը գտնվում է «վտանգավոր» ճնշման տակ՝ շեշտելով, որ հրատապ եւ ինտենսիվ դիվանագիտության կարիք կար:
«Զսպվածությունը վերականգնելու համար ես հրամայեցի, մեր զորքերի վրա հարձակումներին ի պատասխան, օդային հարվածներ հասցնել եւ սկսեցի լուրջ դիվանագիտական աշխատանք կատարևել՝ տարածաշրջանում կայունության աճ ապահովելու նպատակով», - գրել է Ջո Բայդենը՝ նկարագրելով իր վարչակազմի գործողությունները:
Նշելով Իրաքում ԱՄՆ-ի մարտական առաքելության ավարտն ու Եմենում զինադադարի հասնելու փորձերը՝ նա վերադարձել է Իրանի թեմային։
«Իրանի հարցում մենք միացել ենք Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին ու գործընկերներին՝ մեկուսացումից դուրս գալու համար: Այժմ Իրանն է մեկուսացված, քանի դեռ չի վերադառնում միջուկային համաձայնագրին, որից իմ նախորդը հրաժարվել է՝ առանց որեւէ փոծարինող ծրագրի: Անցյալ ամիս ավելի քան 30 երկրներ միացան մեզ՝ դատապարտելու Իրանի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության բացակայությունը՝ կապված վերջինիս միջուկային գործունեության հետ: Իմ վարչակազմը կշարունակի ուժեղացնել դիվանագիտական եւ տնտեսական ճնշումը այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պատրաստ չէ վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին, ինչը ես պատրաստ եմ անել», - գրել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը անդրադարձել է Գազայում պատերազմին վերջ տալու իր ջանքերի մասին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վերականգնել է կապերը պաղեստինցիների հետ՝ նրանց տրամադրելով մոտ 500 միլիոն դոլար, իսկ Իսրայելին՝ ավելի քան 4 միլիարդ դոլար։
Նա նաեւ հիշել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայում իր պաշտոնը ստանձնելուց շատ առաջ ձերբակալված ամերիկացի քաղաքացիների ազատ արձակման մասին։
«Իմ նպատակն ի սկզբանե եղել է վերակողմնորոշել, ոչ թե հարաբերությունները խզել մի երկրի հետ, որը 80 տարի է ինչ մեր ռազմավարական գործընկերն է։ Սաուդյան Արաբիան այսօր օգնել է վերականգնել միասնությունը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրների միջեւ, լիովին աջակցել է զինադադարին Եմենում եւ այժմ աշխատում է իմ փորձագետների հետ՝ կայունացնելու նավթի շուկաները ՕՊԵԿ-ի մյուս արտադրողների հետ», - գրել է ԱՄՆ-ի նախագահը:
Նա նշել է, որ ուրբաթ օրը կլինի Իսրայելից Ջիդդա (Սաուդյան Արաբիա) մեկնած առաջին նախագահը: Այս ուղեւորությունը կլինի նաեւ Իսրայելի եւ արաբական աշխարհի միջեւ հարաբերությունների ու քայլերի փոքր խորհրդանիշը, որը խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ է աշխատում Բայդենի վարչակազմը:
«Տարածաշրջանի ղեկավարները կհավաքվեն Ջիդայում՝ մատնանշելով ավելի կայուն եւ ինտեգրված Մերձավոր Արեւելքի գոյության հնարավորությունը, որտեղ Միացյալ Նահանգները կարեւոր առաջնորդի դեր կխաղա», - եզրափակելով իր հոդվածը՝ ընդգծել է Ջո Բայդենը:





























