Քաշաթաղի շրջանից տեղահանված քաղաքացիները այսօր՝ հուլիսի 11-ին, Հայաստանում արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել:

Քաշաթաղցիների խոսքով՝ թեպետ Կառավարությունը խոստանում էր իրենց տրամադրել 10 միլիոնի սերտիֆիկատ, սակայն նրանցից շատերը այն չեն ստացել, իսկ ստացողներին էլ վերջնահաշվարկի արդյունքում խոստացվածից ավելի քիչ գումար է տրամադրվել:

«Բանկն ուղարկում է գնահատողներին տուն, եւ այդ գնահատողները տունը գնահատում են շատ ավելի էժան: Բացի դա մենք պետք է վճարենք 500 հազար դրամի չափով կանխավճար: Այսինքն՝ տասը միլիոնը մեզ համար դարձել է միֆ, եթե մենք տասը միլիոնով շրջաններում պետք է մեծ դժվարությամբ տուն պետք է գնեինք, հիմա նույնիսկ դա էլ չենք կարող անել: Թեկուզ տասը միլիոնով ինչպե՞ս ենք տուն գնելու նման գնաճի դեպքում: Ժողովրդի 90 %-ն ապրում է վարձով՝ ծայրը ծայրին հասցնելով, որտեղի՞ց պետք է գումար ունենան կանխավճարի համար: Ոչ սերտիֆիկատ եմ ուզում, ոչ էլ գումար, ուզում եմ տուն տան ու ասեն՝ ապրիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցի կինը: