Ամերիկացի ընտրողների թիվը, որոնք պատրաստ են աջակցել 2024 թվականի նախագահական ընտրություններում Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի թեկնածությանը, հասել է պատմական նվազագույնի, գրում է The Hill-ը։ Yahoo News-YouGov-ի համատեղ հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի բնակիչների միայն 18 տոկոսն է հավանություն տալիս ամերիկացի առաջնորդի վերընտրվելու ծրագրերին, իսկ ընտրություններին նրա մասնակցությանը դեմ է հարցվածների 64 տոկոսը։
Ինչպես նշում է The Hill-ը, Բայդենի վերընտրման հակառակորդների թիվը սեփական Դեմոկրատական կուսակցության շարքերում առաջին անգամ գերազանցել է նախագահի երկրորդ ժամկետի կողմնակիցների թվին։ Այսպիսով, հարցված դեմոկրատների 41 տոկոսը դեմ է, որ ԱՄՆ նախագահը կրկին առաջադրվի 2024 թվականին, մինչդեռ 35 տոկոսը կողմ է դրան։
Սակայն Բայդենը դեռեւս առաջատար է որպես դեմոկրատների հնարավոր թեկնածու, այդպես են նրան ընդունում Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում հարցվածների 27 տոկոսը: Երկրորդ տեղում «որեւէ ուրիշ» տարբերակն է՝ 20 տոկոսով, իսկ երրորդում՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ 19 տոկոսով։ Ընդ որում, հարցված դեմոկրատների 30 տոկոսը դեռ չի որոշել, թե Բայդենի փոխարեն ով պետք է հանդես գա կուսակցության կողմից։
Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող է դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն 2024 թվականի ընտրություններում, ապա առայժմ այստեղ ամենամեծ վարկանիշն ունի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ 60 տոկոս։ Հետազոտության մեջ առանձին ընդգծվում է, որ այս պահին Բայդենը ամերիկացիների շրջանում աջակցությամբ գերազանցում է իր նախորդին՝ ստանալով 44 տոկոս հավանություն՝ Թրամփի 43 տոկոսի դիմաց։





























