2011թ. առաջին կիսամյակի տվյալներով` «Յունիբանկի» շահույթն ավելացել է ավելի քան հինգ անգամ եւ կազմել 1 մլրդ դրամ (մոտ 2.7 մլն դոլար): Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպիսով «Յունիբանկն», ըստ «ԱրմԻնֆո» գործակալության առեւտրային բանկերի ռենքինգի տվյալների, արձանագրել է շահույթի ամենամեծ աճը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ընդհանուր եկամուտը 2011թ. առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 9 մլրդ դրամ (մոտ 24 մլն դոլար), իսկ ծախսերը` 7,7 մլրդ դրամ (մոտ 20 մլն դոլար):

«Յունիբանկի» զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն են մանրածախ բիզնեսը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: «Յունիբանկի» ակտիվները 2011թ. հունիսի 30-ին կազմել են 112,9 մլրդ դրամ (մոտ 305 մլն դոլար), վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար): «Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80,3 մլրդ դրամ (մոտ 220 մլն դոլար), որը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշը:

Ռենքինգի համաձայն, «Յունիբանկն» ապահովել է դրամական միջոցների զուտ հոսքի ամենաբարձր մակարդակը` 7,4 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում «Յունիբանկն» առաջատար դիրք է զբաղեցրել նաեւ արտարժութային գործարքներից ստացված զուտ շահույթի մակարդակով` ավելի քան 696 մլն դրամ (մոտ 1.9 մլն դոլար):     

2011թ. առաջին կիսամյակի տվյալներով, «Յունիբանկը» պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր եւ այդ ցուցանիշով Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 45-րդ տեղը: