Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել ռուսական գազի մատակարարումների լիակատար դադարեցմանը, լույսն անջատել գիշերը եւ մասնակցել «էներգետիկ սթափության» համազգային շրջանին, տեղեկացրել է AP-ը։
Մակրոնի խոսքով՝ պատերազմի վերջն Ուկրաինայում չի երեւում, ուստի ֆրանսիացիները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ ծախսերը բարձր են մնալու։ «Այս պատերազմը կշարունակվի»,- ասել է նա հեռուստատեսային հարցազրույցում՝ նվիրված Ֆրասնսիայի ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան։ «Ամառը, վաղ աշունը շատ ծանր են լինելու»։ «Ռուսաստանն էներգիան, ինչպես նաեւ սննդամթերքներն օգտագործում է որպես պատերազմի զենք»,- ասել է Մակրոնը։ «Մենք պետք է պատրաստվենք այն սցենարին, երբ մենք ստիպված կլինենք մնալ առանց ռուսական գազի»։
Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստում է «սթափության պլան» էլեկտրաէներգիայի խնայողության համար, որը կսկսվի գիշերային լուսավորության անջատումից։ Մակրոնը հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի ձգտել գազի աղբյուրների դիվերսիֆիկացման՝ կոչ անելով ավելի արագ անցում կատարել քամու օֆշորային էլեկտրակայաններին եւ տրանսսահմանային էներգետիկ համագործակցության ընդլայնմանը, որպեսզի հաղթահարվի ներկայիս ճգնաժամը։
Մակրոնի ծայրահեղ աջ ու ծայրահեղ ձախ քաղաքական ընդդիմախոսները մեղադրել են ԵՄ-ի պատժամիջոցները ֆրանսիացի սպառողների գնողունակության նվազման հարցում։ Ֆրանսիայի նախագահը հարցազրույցում ոչ մի ցուցում չի տվել Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք կանգնեցնել այս պատերազմը՝ չներգրավվելով այդ պատերազմում։ Միեւնույն ժամանակ, մենք ցանկանում ենք անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանը չհաղթի, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իր տարածքը։ Մենք չենք ցանկանում համաշխարհային պատերազմ»,- ասել է Մակրոնը։




























