Հայաստանում նախընտրական փուլում որոշ քաղաքական կուսակցություններ սկսել են բանակցություններ վարել կրոնական կազմակերպությունների հետ, որպեսզի ստանան նրանց անդամների ձայները: Այդ մասին օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա ներկայացրել է այն մոտավոր մեխանիզմը, որով կարելի է կրոնական կազմակերպություններն ընդգրկել ընտրական գործընթացում: Ըստ Ամարյանի, քանի որ նախընտրական փուլը սկսվել է, այդ մեխանիզմը սկսել է գործել: Բանակցություններ են վարում կրոնական կազմակերպությունների ղեկավարների հետ, եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ գումարներ տրվեն կազմակերպության անդամներին, հերիք է, որ վճարեն առաջնորդին: «Այսօրվա դրությամբ մի քանի կուսակցությունների առաջնորդներ սկսել են բանակցություններ վարել կրոնական կազմակերպությունների ղեկավարների հետ: Ընդ որում, հանդիպումները անցկացվում են ինչպես ռեստորաններում, այնպես էլ տարբեր օբյեկտներում: Եթե նախկինում կրոնական կազմակերպություները բավարարվում էին գումարներով, ապա այժմ Ազգային Ժողովում տեղեր են ուզում»:
NEWS.am-ի թղթակցի հարցին` ուղղված Ամարյանին, թե չնայած, որ նա հրաժարվում է նշել բանակցող կուսակցությունների անունները, կարող է արդյոք հայտնել, ներկայացված են այժմ կրոնական այդ կազմակերպությունները խորհրդարանում, պատասխանեց քահանա Շմավոն Ղեւոնդյանը. «Նպատակդ ո՞րն է, ազիզ ջան, մեկ է` պատասխանը ոչինչ չի փոխելու»:
Ամարյանն իր հերթին նկատել է. «Բացատրեմ, կարող է` մի քիչ հրեական պատասխան լինի: Այն կառույցները, որոնց մոտակա ընտրությունների համար շատ է պետք ձայների քանակը: Ոում որ պետք չէ, նրան պետք չէ, դե հիմա մնացածը ինքներդ վերլուծություն արեք»:




























