Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրագործման հարցը, հայտնում է Anadolu թերթը:

Ըստ լրատվականի հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակնկալում է ապահովել մատակարարման նախագծի մեկնարկը միասնական համակարգի զարգացման նպատակով, ներառյալ թափանցիկության հիման վրա առավելագույն համագործակցությունը։

Այս մասին ավելի վաղ քննարկվել էր տարվա սկզբին՝ Բրյուսելում երկու պետությունների ղեկավարների եւ Իտալիայի վարչապետի միջեւ կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

Էրդողանը եւ Մակրոնը քննարկել են նաեւ Ստամբուլում կայացած քառակողմ բանակցություններում ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացմանն ուղղված որոշումները։

Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացը կառավարվելու է Ստամբուլում ստեղծվելիք համակարգող կենտրոնից, որը ղեկավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից: