Իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը «Ժառանգություն» կուսակցության դեմ լայնածավալ եւ ծրագրված արշավ են սկսել, որպեսզի քաղաքական այդ ուժը հաջորդ խորհրդարանում ներկայացված չլինի։ Օգոստոսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Որպես իր ասածի ապացույց՝ նա նշեց փաստը, որ ընտրատարածքային հանձնաժողովներում «կան բոլորը, ովքեր նախկինում էլ կային, բացի «Ժառանգությունից»։ Մարտիրոսյանի խոսքով, ազնիվ եւ բարոյական կլիներ, եթե նախօրոք հայտարարվեր, որ այս ամենը կատարվում է իրենց դեմ եւ հստակ նպատակ կա «Ժառանգությանը» զրկել վերահսկողական կարեւորագույն լծակներից։ «Հետաքրքիր զուգադիպությամբ այստեղ բավական համահունչ գործեցին ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը, եւ նրանց ծրագիրը, որով հնարավորություն էր դառնում «Ժառանգությանը» զրկել այս կարեւորագույն օղակից, կյանքի կոչվեց։ Մեր դեմ լայնածավալ արշավը նպատակ ունի ժողովրդի մեջ արմատավորել այն միտքը, որ «Ժառանգություն» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու։ Հետեւաբար այն քաղաքացիներն, ովքեր ցանկանալու են իրենց ձայնը տալ մեզ, կամ հուսահատվելով չեն գնա ընտրությունների կամ կքվեարկեն քաղաքական այլ ուժերի օգտին։ Խնդիր կա սահմանափակել «Ժառանգության» գործունեությունը, եւ քանի որ մեր կուսակցությունը տնտեսական շահերով, ինչ-ինչ կապերով եւ պայմանավորածություներով կապված չէ ոչ նախկին, ոչ էլ այս իշխանություններին, փորձ է արվում չեզոքացնել նրա պոտենցիալը»,- նկատեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իրենք միակ քաղաքկան ուժն են, որ չեն մասնակցել «իշխանության կողմից իրականացվող յուրացումներին, ապօրինի սեփականաշնորումներին ու թալանին»։
Ամփոփելով՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ի հեճուկս իշխանություն-ընդդիմություն համագործակցության՝ խորհրդարանական ընտրություններին իրենք Ազգային ժողովում ավելի մեծ թվով տեղեր են ունենալու։




























