Եթե որեւէ երիտասարդ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին է հարում, խանգարում է հասարակական կարգը, ապա պետք է կարգի հրավիրեն եւ բոլորը պետք է հարգեն այդ հասարակական կարգը: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը`անդրադառնալով օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի երիտասարդների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին: «Ընթանում է գործի քննություն եւ համապատասխան մարմինները կտան իրենց գնահատականը: Եթե իրավապահ մարմինների կողմից եղել է իրավազանցություն, ապա նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ Էդվարդ Անտինյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչի համար է այդ սադրանքը:
«Եթե մարդիկ նստում են, իրար հետ լուրջ քննարկում, փաստաթուղթ են ներկայացնում, ինչի՞ համար է փողոցում իրար վրա հարձակվելը»,- ասաց Անտինյանը` հավելելով, որ լարվածությունը փորձում են պահել նրա համար, որ եթե որեւէ մեկը երկխոսությունից դուրս գա, պատրվակ ունենա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել եւ բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Ավելի ուշ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 12-ին Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել, իսկ մյուսներին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ:




























