Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս նշանակի ծառայողական քննություն եւ ստուգի օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստաբան Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները:

Աղվան Հովսեփյանը ոստիկանապետին ուղարկել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի լուսապատճենը` նկատի ունենալով¸ որ հենց այդ հոդվածում է առավել հանգամանալից անդրադարձ կատարվել Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը եւ տեղի ունեցած միջադեպին:

Ծառայողական քննության արդյունքների մասին ոստիկանապետը պետք է տեղյակ պահի Գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, Փաստաբանների պալատի խորհուրդը օգտոստոսի 12-ին տարածած հայտարարության մեջ ապօրինի էր որակել ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնի աշխատակիցների գործողությունները ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների փաստաբանների նկատմամբ: Փաստաբանների պալատի խորհուրդն ընդգծել էր, որ խոչընդոտվել են փաստաբանների լիազորությունները, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Ավելին` փաստաբաններին ոստիկանության բաժնում զրկել են նաեւ ազատությունից:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր վերջին ասուլիսում հերքել էր, թե փաստաբաններին քաշքշել են կամ թույլ չեն տվել բաժին մտնել:

Այսօր Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել փաստաբան Վահե Հովսեփյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ պահանջում է քրեական գործ հարուցել մեղավորների դեմ` հաշվի առնելով օգոստոսի 9-ին իր եւ փաստաբան Ստեփան Ոսկանյանի դեմ կատարված ապօրինությունները: Նրա համոզմամբ` իրենց նկատմամբ կատարվածը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ. «Կոնկրետ այս դեպքը եթե ընթացք չստանա ու օբյեկտիվ լուծում չգտնի, միգուցեւ այսպիսի դեպքերը կարող են ավելի հաճախակի կրկնվել…Այդ պատճառով էլ գտնում ենք, որ կոնկրետ տվյալ գործի քննությունը բավականին մեծ նշանակություն ունի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները ծեծել եւ բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Ոստիկանությունում փաստաբանների աշխատանքը խոչընդոտել էին, վերցրել փաստաբան Ստեփան Ոսկանյանի հեռախոսը, հարվածել Վահե Հովսեփյանին:

Ավելի ուշ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 12-ին Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել, իսկ մյուսներին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ: