Ես չեմ համարում, որ մեր օրենսդրությունը այդքան հասունացել է, որ զեղչերի իրականացման վերաբերյալ նոր կարգավորումներ համակարգը կարգավորվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները:

Ըստ Պողոսյանի՝ այս կարգավորումների ընդունումը ճիշտ քայլ է, բայց դեռևս վաղ է ասել՝ կծառայի՞ նպատակին, թե ոչ:

«Ամեն ինչ կախված է արդյունքներից: Հայաստանի կողմից ընդունված միջազգային օրենքներով սպառողը ունի իրավունք տեղեկացված լինելու և ընտրություն կատարելու: Եթե զեղչ է հայտարարված, ես չեմ կարող հանգիստ ընկալել 50-60 % զեղչը, քանի որ այդտեղ մոլորության տարրեր կան»,- ասաց նա։

Սպառողների միության նախագահը անդրադարձավ նաև նրան, որ Հայաստանում դեռ չկա մարմին, որը կվերահսկի ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները:

«ՊԵԿ-ը, որպես կանոն, չի ցանկանում գործել, իսկ տեսչական մարմինները ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից: Մենք հուսով ենք, որ իրավիճակը կփոխվի, բայց դա հույս է, որ ռեալ հիմքեր չունի: Սա մոլորեցում է: Մեր օրենքում գրված է հստակ, որ վաճառողը կամ ծառայություն իրականացնող անձը պետք է լիարժեք ինֆորմացիա տա տվյալ ապրանքի կամ ծառայության մասին: Բայց մեզ անընդհատ այդ բողոքների հոսքը գալիս է, իսկ լուծումները չեն երևում: Միասնական մեկ մարմին չկա, որին դիմեն մեր սպառողները»,- ասաց Պողոսյանը: