Լեհաստանի իշխող կոալիցիան 2015 թվականի ընտրություններում հաղթելուց հետո առաջին անգամ կորցրել է իր առավելությունը հիմնական ընդդիմադիր դաշինքի նկատմամբ, ինչը նշան է, որ գնաճը սկսում է ազդել քաղաքականության վրա:

Հաջորդ համընդհանուր ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի, արդյունքները պոտենցիալ նախազգուշացում են ազգայնական «Իրավունք եւ արդարություն» կուսակցության եւ նրանց իշխող դաշնակիցների համար: Կոալիցիան բզկտվում է Եվրամիության հետ բախումների շուրջ տարաձայնությունների պատճառով եւ բախվում է հասարակության աճող զայրույթին կյանքի արժեքի խորացող ճգնաժամի պատճառով, գրում է Bloomberg-ը:

Ըստ Kantar Public-ի հրապարակած հարցման՝ «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը եւ նրա երկու կրտսեր գործընկերները ստացել են 26 տոկոս աջակցություն։ «Քաղաքացիական կոալիցիան»՝ չորս կուսակցություններից բաղկացած դաշինքը, որը գլխավորում է ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմը», հուլիսի 15-20-ը անցկացված հարցման արդյունքներով հավաքել է ձայների 27 տոկոսը:

Ուկրաինայում պատերազմի պատճառով պարենամթերքի եւ վառելիքի գներն ամբողջ աշխարհում բարձրացել են, Լեհաստանում գնաճը արագացել է մինչեւ 25 տարվա առավելագույնը՝ հունիսին հասնելով 15,6 տոկոսի։ Սա աճող ճնշում է գործադրում լեհերի վրա, քանի որ նրանք նույնպես պայքարում են հիփոթեքային վարկերի վճարումների աճի դեմ եւ անհանգստանում են իրենց տները տաքացնելու համար օգտագործվող ածխի պակասի համար:

Կառավարությունը շտապել է օգնություն ցուցաբերել՝ նվազեցնելով վառելիքի եւ սննդի հարկերը։ Ընդունվել է նաեւ օրենք, որը վարկառուներին թույլ է տալիս դադարեցնել հիփոթեքային վարկերի վճարումները: Սակայն իշխող կուսակցության որոշ անդամներ նյարդայնացնում են նաեւ իրենց կողմնակիցներին, երբ խորհուրդ են տալիս լեհերին քիչ ուտել կամ անտառներից վառելափայտ հավաքել՝ ջեռուցման համար։

Տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում վարչապետ Մատեուշ Մորավեցկիի կառավարությունը շարունակում վիճաբանել ԵՄ-ի հետ՝ կապված ժողովրդավարության հետընթացի մեղադրանքների հետ: Նրա վարչակազմը հուսով է, որ Եվրահանձնաժողովը շուտով կսկսի հատկացնել 35,4 միլիարդ եվրոյի օգնությունը, որը Լեհաստանը պետք է ստանար դաշինքի հետհամաճարակային հիմնադրամից:

Բայց քիչ հավանական է, որ այդ գումարը շուտով կստանան: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ թեեւ Վարշավան փոխել է իր դատական օրենսդրությունը, ԵՄ բարձրագույն դատարանի կարծիքով՝ դեռ ամեն ինչ չի արել, որպեսզի սկսի ստանալ օգնությունը: