Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, այդ թվում՝ արեւի, քամու եւ մաքուր ջրածնի հարցում՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի սկզբունքներին համապատասխան, հայտնում է Սաուդյան Արաբիայի պետական ​​լրատվական գործակալությունը:

Փարիզում թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ կայացած հանդիպումից հետո երկրների ղեկավարները քննարկել են համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացման եւ ամբողջ աշխարհում ցորենի ու հացահատիկի կայուն մատակարարման կարեւորությունը: Քննարկվել են նաեւ ընդհանուր սպառնալիքների մշտական գնահատման եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ու կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման կարեւորության հարցում՝ ահաբեկչության, հանցավորության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարում փորձի փոխանակման ու վարժանքների անցկացման միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը: Մուհամմադ բն Սալմանը եւ Մակրոնը համաձայնել են Լիբանանի ինքնիշխանությունը պահպանելու համար համապարփակ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ ձեռնարկելու կարեւորության մասին եւ գոհունակությամբ են արտահայտվել Մերձավոր Արեւելքում Սաուդյան Արաբիայի ու ֆրանսիական մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայի ժողովրդի անվտանգությնն ու պետականնության տարածքային ամբողջականության պահպանմանը: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները Իրանին կոչ են արել զերծ մնալ միջուկային զենք ստեղծելու գաղափարից եւ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Ղեկավարները նաեւ անդրադարձել են երկու երկրների միջեւ պատմական եւ ռազմավարական հարաբերություններին ու քննարկել դրանց հետագա զարգացման ճանապարհները։ Հանդիպման ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։