2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների եւ ազատազրկամ վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4602, կամ   248-ով պակաս, քան 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ: Այդ մասին օգոստոսի 19-ին դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Ըստ Թամազյանի, 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 1602 անձ, որից 525-ը պատիժը լրիվ կրելու, 143-ը` պայմանական վաղաժամկետ կարգով, 22-ը` ներմամբ, 107-ը` խափանման միջոց կալանքը փոխելու, 263-ը` դատարանի դահլիճից,  1-ը` հիվանդության պատճառով, 508-ը` համաներմամբ, 33-ը` ազատազրկումը հանրային աշխատանքների փոխարինելով:

Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ տարբեր հիվանդություններից մահացել է 15 դատապարտյալ (2010թ. առաջին կիսամյակում 20-ը), որից 7-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (2010թ. առաջին կիսամյակում` 11-ը):

Նշվել է, որ 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 199 կին (2010թ. առաջին կիսամյակում 183), որից 25-ը` սպանության, 50-ը` խարդախության, 1-ը` կավատության, 12-ը` գողության, 25-ը` թմրամիջոց իրացնելու, 9-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Նույն ժամանակաընթացքում անազատության մեջ են գտնվել 43 անչափահաս (2010թ. առաջին կիսամյակում 47), որոնցից 1-ը` սպանության, 6-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 16-ը` ավազակության, 3-ը` կողոպուտի,    11-ը` գողության մեղադրանքով:

Ընդհանուր առմամբ 12 քրեակատարողական հիմնարկներում 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարվել են 75 հանցագործություններ 113 անձանց կողմից, այդ թվում` պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու 3, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 65 դեպքեր, ինքնասպանության փորձի 2 եւ ինքնասպանության հասցնելու 2, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու 1 եւ ծեծի 2 դեպքեր:

Թամազյանը նշել է, որ հանցագործություն կատարած անձանցից 103-ը դատապարտյալներ են, 1-ը` ՔԿՀ-ի աշխատակից, 14-ը` այլ անձինք: