Թուրքական Laphetos Beach Resort հյուրանոցը կարող է զրկվել մի քանի աստղից ռուս զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Հյուրանոցը դեռեւս համարվում է հնգաստղանի, հաղորդում է News.bcm.ru-ն:
Հյուրանոցի ստուգում է անցկացնելու Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը: Նման որոշում է ընդունվել օգոստոսի 6-ին ռուս զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 6-ին` կեսգիշերին մետ, երեք ընկերուհիներ Ուֆայից գնացել են Laphetos Beach Resort հյուրանոցի դիսկո-բարը, եւ սկսել են պարել իրենց հետ բերած ռադիոընդունիչի երաժշտության ներքո: Երբ ռադիոընդունիչի մարտկոցը նստել էր, աղջիկները այն միացրել են ադմինիստրատորի սեղանի վրա: Իսկ երբ մեկ ժամ անց վերադարձել են այն վերցնելու, միացրել են այն, որ ստուգեն լիցքավորվել են մարտկոցները, թե` ոչ: Ըստ tourprom.ru-ի տվյալների` դա դուր չի եկել Laphetos Beach Resort տիրոջ որդուն, ով այդ պահին գտնվել է մոտակայքում: Թուրքը հարձակվել է ռուս աղջիկների վրա, մեկի ձեռքից խլել ու դեն նետել ռադիոընդունիչը եւ սկսել ծեծել նրանց:
«Ռոսբալտի» տվյալներով` ծեծին մասնակցել է նաեւ հյուրանոցի սեփականատերը: Տեղ ժամանած ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է ռուս աղջիկներին: Ոստիկանները ոչ միայն չեն քննել բռնության փաստը, այլեւ` իրենց հերթին ոստիկանությունում ծեծել են աղջիկներին` նրանց վրա գործ հարուցելով: Որոշ ժամանակ անց կանանց ազատ են արձակել, եւ վերջիններս շտապել են վերադառնալ Ռուսաստան, որտեղ բժշկական զննում են անցել: Աղջիկներից մեկի շրթունքին բժիշները վեց կար են դրել, կոտրվել են նրա երեք ատամները:




























