Աբովյան 39 հասցեում գտնվող քաղաքային դեղատունը, որը հուլիսի 24-ին ժամկետանց մանկական «HIPP» տեսակի սնունդ էր վաճառել քաղաքացի Դիանա Մնացականյանին, կտուգանվի 50-100 հազար դրամի չափով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նա նշեց, որ վարչապետին դիմելուց եւ թույլտվություն ստանալուց հետո դեղատանը մանկական բոլոր տեսակի սննդի մասով իրականացված համալիր ստուգումների արդյունքում որեւէ այլ խախտում չի հայտնաբերվել: «Ամբողջ ընթացակարգն արդեն ավարտվել է, եւ դեղատունն էլ է համաձայնել, որ տուգանվելու է: Վարչական վարույթը իրականացվել է, խախտումն արձանագրվել է, մնում է գումարի չափը որոշեն: Մյուս շաբաթվա սկզբին կտուգանվի»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Դիանա Մնացականյանը  հուլիսի 24-ին մանկական «HIPP» տեսակի սնունդ է գնել Աբովյան 39 հասցեում գտնվող քաղաքային դեղատնից, որը ժամկետանց է եղել եւ  դրանով կերակրելուց հետո երեխայի դեմքին ցան է առաջացել, կղանքի գույնը փոխվել է եւ այլն: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ին: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հայտնելուց հետո  NEWS.am-ի թղթակիցը ծառայության աշխատակիցների հետ մեկնել էր դեպքի վայր եւ հայտնաբերվել էր ժամկետանց եւս մեկ HIPP, որը ծառայությունը վերցրել էր: Աբովյան 39 հասցեում գտնվող դեղատունը պատկանում է «Մարգարիտ ՍՊԸ»-ին: Դեղատան փոխտնօրեն Ռուզաննան NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց դեղատանն առաջին անգամ է նման դեպք արձանագրվում: Նրա խոսքով` դեղատունը դեռեւս ժամկետի մեջ ստացել է երեք HIPP տեսակի մանկական կերը, որոնցից մեկը վաճառվել է ավելի վաղ` մինչեւ ժամկետն անցնելը, մեկը գնել էր ահազանգած քաղաքացին, իսկ մյուսը վերցրել էին ծառայության աշխատակիցները: