Երեւանի դեղատներից մեկում արձանագրվել է ժամկետանց մանկական սննդի վաճառքի հերթական դեպքը: 26-ամյա Դիանա Մնացականյանը հուլիսի 24-ին մանկական «HIPP» տեսակի սնունդ է գնել Աբովյան 39 հասցեում գտնվող քաղաքային դեղատնից, որը ժամկետանց է եղել եւ դրանով կերակրելուց հետո երեխայի դեմքին ցան է առաջացել, կղանքի գույնը փոխվել է եւ այլն: Այս մասին հայտնել է NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին` Դիանա Մնացականյանը:
Մանկական կերի ժամկետը մինչեւ հուլիսի 4-ն էր, բայց հուլիսի 24-ին այն վաճառվում էր դեղատնում: «Ես պատկերացնում եմ, թե քանի մայրեր են առանց ժամկետը նայելու գնել այդ կերը` մտածելով, որ երեխայի կերը ժամկետանց չի կարող լինել: Չկա՞ մեկը, որ վերահսկի, որ ժամկետանց ապրանք չվաճառվի, այն էլ` մանկական կերը, որը 20 օր անց դեռ վաճառում են»,- ասաց բարկացած ծնողը:
NEWS.am-ը փորձեց պարզել, թե ո՞վ է պատասխանատու ժամկետանց մանկական կերի վաճառքում հայտնվելու համար եւ ո՞վ պետք է պատիժ կրի երեխայի առողջությանը վնաս հասցվելու համար:
Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք եւս ստացել են այդ ահազանգը, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Այնուհետեւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ NEWS.am-ի թղթակիցը, մեկնեցին դեպքի վայր:
Դեղատանը վաճառվում էր ժամկետանց եւս մեկ HIPP, որը ծառայությունը վերցրեց: Դրանից բացի`սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները դեղատանը հայտնաբերեցին եւս մեկ խախտում` համապատասխանության սերտիֆիկատի բացակայություն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բացակայում է տվյալ ապրանքի համապատասխանության սերտիֆիկատը, որը տվյալ սննդամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ է, ինչը կարող է պահանջել նաեւ գնորդը: Նրա խոսքով` ժամկետանց սննդամթերք վաճառելու համար 50-100 հազար դրամի տուգանք է նախատեսված, իսկ սերտիֆիկատի բացակայության համար` 100-200 հազար դրամի:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ արձանագրությունը կազմվել է, դիմելու են վարչապետին` թույլտվություն ստանալու լիարժեք վարչական վարույթ եւ ստուգում իրականացնելու համար: Թույլտվություն ստանալուց հետո նրանք ստուգելու են ամբողջ դեղատունը` սննդի մասով: Տեղյակ են պահելու նաեւ առողջապահության նախարարությանը` համապատասխան ստուգումներ անցկացնելու համար:
Աբովյան 39 հասցեում գտնվող դեղատունը պատկանում է «Մարգարիտ ՍՊԸ»-ին: Դեղատան փոխտնօրեն Ռուզաննան NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դեղատանն առաջին անգամ է նման դեպք արձանագրվում: Նրա խոսքով` դեղատունը դեռեւս ժամկետի մեջ ստացել է երեք HIPP տեսակի մանկական կերը, որոնցից մեկը վաճառվել է ավելի վաղ` մինչեւ ժամկետն անցնելը, մեկը գնել էր ահազանգած քաղաքացին, իսկ մյուսը վերցրեցին ծառայության աշխատակիցները:
Նա եւս փաստեց, որ տվյալ ապրանքի այդ խմբաքանակի համար սերտիֆիկատ չունեին: Ռուզաննայի խոսքով` դեղատունը սխալ է արել, քանի որ ուշադիր չեն եղել եւ ժամկետն անցնելուց հետո այն չեն հանել վաճառքից:
Դիանայի հետ տեղի ունեցածը աննախադեպ չէր, բարեբախտաբար, այս անգամ երեխայի առողջությանը անդառնալի վնասներ չեն հասցվել: Բայց ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ խանութներում հաճախ են սպառողներին վաճառում ժամկետանց ապրանքներ, մնում է, որ սպառողները տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ տնտեսվարողներից պահանջեն հարգել իրենց եւ իրենց իրավունքները:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը



























