Միավորված աշխատանքային կուսակցությունը արտահերթ նախագահական ընտրություններին (եթե իհարկե այդպիսիք կայանան), չի մասնակցի, քանի կուսակցությունը հավատարիմ է իր որդեգրած ծրագրային սկզբունքին, այն է, չմասնակցել արտահերթ եւ ոչ մի ընտրության: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը` ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը:
«ՄԱԿ-ը կողմնակից է ընտրությունների բնականոն ընթացքին, եւ այդ է պատճառը, որ մենք արտահերթ ընտրությունների հակված չենք: Խոսքն, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակների մասին չէ»,- բացատրեց նա` միաժամանակ հավելելով, որ դրա փոխարեն իրենք պատրաստվում են 2012-ի մայիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին:
Արսենյանը միաժամանակ չհստակեցրեց` այդ ընտրություներին կուսակցությունը մասնակցելու է միայնա՞կ, թե՞ դաշինքով: «Մայիսյան խորհրդարանական ընտրությունների հետեւողականորեն գնում են նաեւ իշխանությունները»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի գարնանը, նախագահական հերթական ընտրությունները նախանշված են 2013-ին:




























