Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները հոկտեմբերի 24-ին երկրի միջուկային օբյեկտներ այցելելու նպատակով կժամանեն Իրան։ ՄԱԳԱՏԷ-ի մասնակիցների այցն Իրան կտեւի երկու կամ երեք օր, հայտնում է Irna գործակալությունը։

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ ալ Բարադեյը Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում հայտարարել էր, որ գործակալության տեսուչները պատրաստվում են Թեհրան այցելել հոկտեմբերի 25-ին։ Իրանի ատոմային կազմակերպության նախագահ Ալի-Աքբար Սալեհիի խոսքով, մասնագետների այցի նպատակը ոչ միայն օբյեկտներն ուսումնասիրելն է, այլեւ նրանք ուզում են հստակ երաշխիքներ ստանալ, որ Իրանի միջուկային ծրագիրը օգտագործվում է միայն խաղաղ նպատակներով։

Նշենք, որ Թեհրանն այսօր պետք է պատասխան տա իրեն ներկայացված առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։

Իդեպ, ինչպես այսօր հայտնում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով վիեննական դիվանագիտականն աղբյուրները, կողմերին առաջարկված միջուկային ծրագրին հավանություն են տվել ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Սկզբնաղբյուրի տվյալներով՝ պաշտոնական հայտարարությունների կարելի է սպասել մոտ ժամանակներս։