Աշխարհի կառավարություններն աստիճանաբար են գիտակցում այն նոր իրողությունը, որ Լիզ Թրասը պատրաստվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալ: Իրականում օտարերկրյա ուժերից դա քչերին է դուր գալիս, գրում է Politico-ն։
Զրույցներն ամբողջ աշխարհից բարձրաստիճան դիվանագետների եւ ուժային կենտրոններից ինսայդերների հետ ցույց են տալիս, որ Թրասն այնքան էլ պոպուլյար ընտրություն չէ համաշխարհային ասպարեզում: Արեւմտյան Եվրոպայի մեծ մասում եւ Բայդենի Սպիտակ տանը նրան խորը թերահավատությամբ կդիմավորեն: Ավստրալիայի նոր կառավարության հետ հարաբերությունների մասով եւս հարցեր կան։ Մոսկվայում եւ Պեկինում նրան քամահրանքով են մոտենում։
Մյուս կողմից, Թրասը բավականին պոպուլյար է Արեւելյան Եվրոպայում եւ Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ հատվածներում: Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ վատ չէ:
Համախոհներն ասում են, որ համաշխարհային հարթակում Թրասի սպասված հայտնվելը պարզապես ժամանակին չէ, քանի որ պահպանողական դաշնակիցներն ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Ավստրալիայում պարտվել են վերջին երկու տարիների ազգային ընտրություններում:
Նրա հարաբերությունները ԵՄ երկրների հետ, անկասկած, խաթարված են դաժան վեճով, թե ինչպես կարելի է առեւտուր անել Իռլանդական ծովով Brexit-ից հետո:
«Մեզ մոտ բացասական տպավորություն է, որը հիմնված է ոչ թե նրա մտադրությունների, այլ նրա գործողությունների վրա,- ասել է ԵՄ խոշոր երկրից մի դիվանագետ:- Նոր առաջնորդը միշտ էլ նոր հնարավորություն են հարաբերությունների վերագործարկման համար, բայց մենք պետք է տեսնենք՝ արդյո՞ք նա քայլեր կձեռնարկի վստահությունը վերականգնելու համար, ինչը շատ անհրաժեշտ է»:
Բրյուսելից մեկ այլ դիվանագետ էլ ավելի առհամարական տեսակեր է հայտնել. «Լիզ Թրասը մեզ շատ, շատ աղքատ կթվար ԵՄ-ի տեսանկյունից: Այն, ինչ նա ցույց տվեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց եւ Brexit-ի բանակցություններն իր վրա վերցնելուց հետո, շատ բացասական էր»:
Դուբլինում գրեթե ոչ մի քաղաքական գործիչ Թրասի մասին լավ բան չի կարելի ասել։ Հայտնի դուբլինյան Irish Times-ը նրան «անարդյունավետ արտաքին գործերի նախարար» է անվանել, ով դեմ էր Brexit-ին, իսկ հետո ողջունեց այն»:
Հարավային Եվրոպայից երկու բարձրաստիճան դիվանագետ մտահոգություն են հայտնել միջազգային հարցերում Թրասի «իմպուլսիվության» կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ դա կարող է էլ ավելի սրել լարվածությունը:
Դեմոկրատ ազդեցիկ անձինք, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, բազմիցս բարձրաձայնել են իրենց մտավախությունների մասին առ այն, որ Brexit-ի քաղաքականությունը կկործանի Իռլանդիայում դժվարությամբ ձեռք բերված խաղաղությունը: Նրանք ցանկանում են, որպեսզի «Ավագ ուրբաթի» համաձայնագիրն ամեն գնով պահպանվի, իսկ Բրյուսելն ու Լոնդոնը դադարեցնեն էներգիա վատնել հակամարտությունների վրա, որոնցից կարելի էր խուսափել։
Քարոզարշավի ընթացքում Թրասը բազմիցս քննադատել է Պեկինի հետ բանակցելու իր մրցակից Ռիշի Սունակի պատրաստակամությունը եւ նույնիսկ առաջարկել է Բրիտանիային զինել Թայվանը Չինաստանի դեմ:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը գրեթե չի փորձում թաքցնել իր զգացմունքները Թրասի խոսքերի վերաբերյալ: «Դա ամբողջությամբ մերկացնում է բրիտանական հին դպրոցական իմպերիալիզմի կեղծավոր դեմքերը,- ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «Պատկերացրեք, որ Շոտլանդիան դավադրության մեջ է մտնում օտարերկրյա ուժերի հետ՝ Մեծ Բրիտանիայից անջատվելու համար: Կկարողանա՞ արդյոք Մեծ Բրիտանիան հանգստություն պահպանել»։
Ռուսաստանի մասով Թրասի հռետորաբանությունը նույնպես կոշտ էր։ Թրասի բազեական դիրքորոշումը ուսական կառավարության բարձրաստիճան անդամների կատաղի հարձակումների թիրախ դարձրեց նրան:
Կրեմլին հատկապես զվարճացրել էր այն աշխարհագրական սխալը, որը Թրասը թույլ տվեց Ռուսաստան այցի ժամանակ՝ ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցին։ Նրա այցի ավարտին Լավրովն ասաց, որ դա «խուլի եւ համրի միջեւ» խոսակցություն էր։





























