Կառավարությունն ընդունեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը եւ պայմանները հաստատելու մասին նախագիծը, որով առաջարկում է ֆինանսապես օգնել այն ներդրողներին, որոնք բիզնես գործունեություն ծավալելիս ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ են ունենում։
«Եթե ներդրում է արվում մինչեւ 500 մլն դրամ, ապա Կառավարությունը պատրաստ է այդ գումարի 20 տոկոսի չափով տրամադրել այն ենթակառուցվածքը, որը ներդրողին անհրաժեշտ է։ Եթե 500 մլն դրամը գերազանցող ներդրում է, ապա պատրաստ ենք այդ գումարի 10 տոկոսի չափով տրամադրել ենթակառուցվածքներ»,–Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նախագիծը եւ հիշեցրեց, որ ինքը նման խոստում տվել էր դեռ 2019–ին։ Այս նախագծով, ըստ նրա, խրախուսում են ներդրումները։











