«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց` ՀՀ–ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս։
«Դրանք կազմում են կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը»,–նշեց Բադալյանը։
Նրա խոսքով` ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առեւտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2021-ի սեպտեմբերին 30-ին կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15 տոկոս բաժնետոմս ստացավ։ Հիմա էլ որպես նվիրատվություն ստանում են բաժնետոնսերի 6.8 տոկոսը։
«Կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ունի, ինչը շատ կարեւոր իրադարձություն է։ Նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021–ին, Կապանում, եւ ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված»,–ասաց Փաշինյանը։











