Գերմանիայի կառավարությունը հաստատել է ենթաօրենսդրական ակտը, որը սահմանափակում է հասարակական շենքերի ջեռուցումը եւ արգելում է լուսավորված գովազդային վահանակները՝ էներգիան խնայելու եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու նպատակով, գրում է The Guardian-ը:
Օրենքը, որն ուժի մեջ կմտնի մեկ շաբաթից եւ կգործի վեց ամիս, նշանակում է, որ հասարակական շենքերը՝ քաղաքապետարաններից մինչեւ երկաթուղային սպասասրահներ, չպետք է տաքացվեն 19C-ից բարձր, իսկ միջանցքների, ճեմասրահների, շքամուտքերի եւ տեխնիկական սենյակների ռադիատորները պետք է անջատված լինեն։
«Այս միջոցները էներգետիկ խնայողության ազգային ջանքերի մի մասն են՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսության կախվածությունը ռուսական գազից նվազեցնելու, ինչպես նաեւ այն մտավախությունների պատճառով, որ Մոսկվան ձմռանը կարող է դադարեցնել իր բալթյան գազատարի հասանելիությունը»,- նշում է լրատվամիջոցը:
Օրենք է ընդունվել նաեւ երկաթուղով փոխադրումների առաջնահերթությունները վերանայելու համար, ըստ որի՝ նախապատվությունը տրվում է ածուխ եւ նավթ տեղափոխող գնացքներին, ոչ թե մարդատար եւ այլ բեռնատար գնացքներին։
Ներկայումս Ռուսաստանից գազի մատակարարումն իրականացվում է նորմալ մակարդակի 20 տոկոսի չափով։
Էներգետիկ կանոնների շրջանակներում շենքերի ճակատներն ու հուշարձաններն այլեւս չեն լուսավորվի զուտ գեղագիտական նկատառումներից ելնելով։ Բեռլինի եւ այլ քաղաքների իշխանություններն արդեն ձեռնարկել են էներգախնայողության բազմաթիվ միջոցներ՝ մի քանի շաբաթ առաջ մայրաքաղաքի Բրանդենբուրգյան դարպասում լույսերն անջատվել են։
Ներդրված կանոնների համաձայն՝ ժամանակավորապես կչեղարկվեն նաեւ շենքերում նվազագույն ջերմաստիճան երաշխավորող վարձակալության պայմանագրերի կետերը։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կընդունվեն լրացուցիչ օրենքներ, որոնք կներառեն տեխնիկական միջոցներ, ինչպիսիք են գազով աշխատող շենքերի տարեկան պարտադիր ստուգումները՝ դրանց առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար:




























