Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել Հայաստանում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում:
Գյուղնախարարության մասնագետները նշել են, որ Հայաստանում օգտագործվում է ոչխարաբուծության պոտենցիալի միայն 20-25 տոկոսը: Ներկայում առկա են 531 հազ. գլուխ ոչխարներ, այնինչ 1980-ական թվականների վերջերին դրանց թիվը 2.3 մլն էր: Առաջարկվող հայեցակարգով մինչեւ 2020 թ. ոչխարների գլխաքանակը պետք է հասցվի 1.5 մլն-ի:
Որպեսզի ոչխարաբուծությունից եկամուտները բազմապատկվեն` գյուղնախարարությունն առաջարկում է ոչխարները ոչ թե արտահանել, այլ մորթել տեղում: Այդ դեպքում կարելի է օգտագործել նաեւ ոչխարի բուրդը, կաշին, աղիքները: ըստ հաշվարկների` 2010 թ. Հայաստանը կարող էր լրացուցիչ 450 մլն դրամ եկամուտ ստանալ, եթե ոչխարներն արտահանելու փոխարեն իրականացներ դրանց մորթը:




























