Անցյալ տարի Հայաստանը դուրս է եկել GSP+ համակարգից, քանի որ անցել է միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչը նշանակում է, որ նա կորցրել է արտոնյալ պայմաններով արտահանումը դեպի ԵՄ, ԱՄՆ եւ Ճապոնիա։ Այս մասին Երեւանի Եվրասիական փորձագիտական ակումբի մամուլի ասուլիսում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ ամփոփելով տնտեսական ուսումնասիրության արդյունքները։
Ըստ փորձագետի՝ սա արդեն ազդել է հայկական արտահանման ցուցանիշների վրա՝ մասնավորապես եվրոպական մայրցամաքում։
«Այս իրավիճակում ԵԱՏՄ շուկան դարձել է անվտանգության յուրօրինակ բարձ՝ արտահանմանման լայն հնարավորություններ ընձեռելով Հայաստանին ։ Բոլոր քննադատներին, ովքեր բացասաբար են վերաբերվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ուզում եմ հակահարց տալ. ո՞ր շուկան կարող է փոխարինել ԵԱՏՄ շուկային, կա՞ արդյոք չարամտություն նրանց քարոզչության հարցում եւ արդյո՞ք մեզ տանում են տնտեսական անդունդ, երբ ասում են՝ «հրաժարվեք ռուսական, բելառուսական, ղազախական շուկաներից»», - ասաց Մանասերյանը։
Նա համոզված է, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը Հայաստանի համար հավասարազոր կլինի տնտեսական ինքնասպանության։
Տնտեսագետը նշել է, որ նույնիսկ արեւմտյան սահմանափակումների փուլում եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում՝ որոշ բանկեր, չեն հրաժարվում ռուսական շուկայից եւ, խախտելով պատժամիջոցների արգելքը, շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ։





























